Արմատագլխիկ արևելյան
Արմատագլխիկ արևելյան | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հացածաղկավորներ (Poales) |
Ընտանիք | Հացազգիներ (Poaceae) |
Ցեղ | Արմատագլխիկ (Rhizocephalus) |
Տեսակ | Արմատագլխիկ արևելյան (R. orientalis) |
Միջազգային անվանում | |
Rhizocephalus orientalis |
Արմատագլխիկ արևելյան (լատին․՝ Rhizocephalus orientalis), հացազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1-8 սմ բարձրությամբ, մանր խիտ ճիմ առաջացնող միամյա, շատ փոքրիկ խոտաբույս է։ Տերևաթիթեղներն ունեն մինչև 6 սմ երկարություն, 1-4 մմ լայնություն։ 0,5-2 սմ երկարությամբ ծաղկաբույլերը գլխիկանման կամ գլանաձև են։ Հասկիկների երկարությունը 3-6 մմ է[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հանդիպում է Երևանի ֆլորիստիկական շրջանում (Երևանի շրջակայք, Գոռավան և Ուրծի լեռնաշղթայի նախալեռնային հատված)։ Հանդիպում է նաև միջերկրածովյան ավազանի արևելյան հատվածում, Հարավարևմտյան և Միջին Ասիայում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է ստորին և միջին լեռնային գոտում` ծովի մակարդակից 800-1300 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ, գիպսակիր կամ կավային լանջերին, երրորդական դարաշրջանի կարմիր կավերի վրա, ֆրիգանանման, անապատային, կիսաանապատային և տափաստանային բուսականության մեջ։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում՝ մայիս-հունիսին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոցելի տեսակ է։ Հայտնի է միայն Երևանի շրջակայքում և Արարատյան հարթավայրում։ Ներկայումս տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Քանի որ տեսակի հիմնական տարածման շրջանը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, սպառնալիքի կատեգորիան նվազեցվել է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման անմիջական սպառնալիքի ենթակա տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։
Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
|
|